Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մի՛ խուսափիր թշնամուդ և դաշնակցիդ պատրանք նվիրելուց

Մի՛ խուսափիր թշնամուդ և դաշնակցիդ պատրանք նվիրելուց
04.11.2008 | 00:00

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐԸ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ
Նոյեմբերի 2-ին կայացավ Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը, որի նախապատրաստական ընթացքն արդեն ուշադրության առարկա էր և բավականին տարփողվեց ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցներով։ Բաքվի ԶԼՄ-ները և փորձագետները հատկապես ոգևորված էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ռուսական նախագծով» և նույնիսկ վստահություն էին հայտնում, թե Ռուսաստանը պատրաստ է անտեսելու հայկական շահերը, պարտադրելու հայերին՝ Ադրբեջանին վերադարձնել ոչ միայն ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքները, այլև Ղարաբաղն ամբողջությամբ։ Ճիշտ է, ադրբեջանական փորձագետներն ու լրագրողները մեծ մասամբ խուսափում էին պարզաբանելուց, թե ինչ է տալու Բաքուն Մոսկվային դրա դիմաց։
Հայաստանն այս շրջանում ոչ արմատական հայտարարություններով, բայց բավական հետևողականորեն և քայլ առ քայլ հստակեցնում էր իր մոտեցումները Մոսկվա մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության երեք սկզբունքների մասին։ Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին Մոսկվա մեկնելու նախօրեին հերթական անգամ ամրագրեց, որ բանակցային գործընթացի շարունակությունը Երևանը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հասկացնելով, որ այդ կառույցը լուծարելու ռուս-թուրքական փորձերին Հայաստանը չի աջակցի։
Ի՞նչ արդյունք ստացվեց։ Նոյեմբերի 2-ին մի քանի ժամ տևած բանակցություններից հետո և դրանց հանրագումարում հրապարակվեց երեք նախագահների ստորագրած համատեղ հռչակագիրը, որը հեռուստատեսությամբ ընթերցեց Ռուսաստանի նախագահը (աննախադեպ բան միջպետական բանակցություններում)։ Այդ հռչակագրում մասնավորապես նշված է. «Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահները հայտարարում են, որ նպաստելու են իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջոցով, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, ըստ այդ շրջանակներում ընդունված որոշումների և փաստաթղթերի, ինչը բարենպաստ մթնոլորտ կստեղծի տնտեսական զարգացման և բազմակողմանի համագործակցության համար»։
ՈՒշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ԱՊՀ-ում հեռարձակվող ռուսական համապետական ալիքները թեպետ առաջինն այս «միջոցառումը» ցուցադրեցին, բայց շատ կարճ, բացառապես քարոզչական բնույթի մեկնաբանություններով։
Բուն փաստաթղթի վերաբերյալ կարելի է ասել, որ ստեղծվել է ընդհանուր ձևակերպումներով քաղաքական հայտարարությանը համարժեք մի բան, որը սկզբունքորեն ոչինչ չի պարտավորեցնում կողմերին։ Այդ փաստաթղթում ոչինչ չկա կարգավորման կոնկրետ սկզբունքների, ժամկետների, կողմերի զիջումների, ԼՂՀ անվտանգության տարածքներից զորքերի դուրսբերման, խաղաղապահների և առհասարակ այն ամենի մասին, ինչն այդքան երկար տիրաժավորվում էր հատկապես ռուսական լրատվամիջոցներով։ Սա առնվազն այս փուլում «ռուսական նախագծի» տապալման բավականին խոսուն ապացույց է։ Մոսկվան չի կարողացել համոզել ո՛չ Երևանին, ո՛չ էլ նույնիսկ Բաքվին։ Սարգսյանն ու Ալիևը Մեդվեդևից գլուխներն ազատելու համար, փաստորեն, ստորագրել են ոչինչ չնշանակող և չպարտավորեցնող փաստաթուղթ (պատահական չէ, որ կոչվում է դեկլարացիա), որը, սակայն, հնարավորություն է տալիս Ռուսաստանի ղեկավարին՝ ռուսական հանրությանն ինչ-որ արդյունք ցույց տալ մի քանի ամսվա քաշքշուկից հետո։ Որպեսզի այնպես չստացվի, որ բոլորի համար պարզ դառնա, թե իրականում ոչինչ էլ չի ստացվել։ Այլ բան, որ ռուսական առանձին փորձագետներ արդեն շրջանառության մեջ են դրել այն գաղափարը, թե սա միջանկյալ փաստաթուղթ է, և ռուսները վերջնական կողմնորոշվելու համար կողմերին ժամանակ են տվել մինչև 2009-ի գարունը, և այդ ժամանակ արդեն խոսակցությունը կընթանա այլ հարթության մեջ և այլ տոնով։ Բայց, ինչպես ասում են, գարունը կգա, բարին հետը, չմոռանաք, որ այդ ժամանակ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն արդեն ավարտված կլինեն։
Հասկանալի է, որ մի քանի ժամ տևած բանակցությունների ընթացքում ռուսական կողմը, անկասկած, փորձել է հասնել ավելի առարկայական արդյունքների, բայց անհաջողության է մատնվել մի շարք պատճառներով։ Հայաստանի մասով կանխատեսելի է՝ ինչ կարող է ասած լինել Սերժ Սարգսյանը։ Մոտավորապես այն, որ Երևանն անգամ հանուն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի չի կարող դիմել այդպիսի զիջումների, Ադրբեջանին հանձնել բոլոր ազատագրված տարածքները՝ առանց ԼՂՀ-ի կարգավիճակի ճշտման։ Ինչ ձևակերպումներով է դա ասվել, կարևոր չէ։ Անշուշտ, ռուս-թուրքական եռանդը մի փոքր սառեցնելու գործում ոչ պակաս նշանակություն է ունեցել ԱՄՆ-ի քողարկված, բայց ինտենսիվ հակազդեցությունը (Մեթյու Բրայզան պատահաբար չէր Մոսկվայում նստած), ինչպես նաև այն, որ Արցախի ղեկավարությունը հայտարարեց իր անկախությունը պաշտպանելու Ղարաբաղի հայության վճռականության մասին։ Այսինքն, կարիք չկա կիսել չսպանված գայլի մորթին (արջ ձևակերպումը հայկական պայմանների համար չէ)։
Ինչ վերաբերում է ադրբեջանական դիրքորոշմանը, ապա, որքան էլ տարօրինակ է, Բաքվից տարբեր փորձագետներ և ԶԼՄ-ներ արդեն իսկ չեն բացառում, որ Ադրբեջանն էլ է մերժել «ռուսական նախագիծը»։ Ճիշտ է, Բաքուն այդ քայլին դիմել է, ամենայն հավանականությամբ, սրտի կսկիծով և երբևէ չէր գնա դրան, այն էլ իր համար այսպիսի նպաստավոր իրավիճակում, եթե նախագիծը չպարունակեր ռուսական բազմահազար խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի, ինչը փաստացի կնշանակեր ռուսական վերահսկողության հաստատում հակամարտության գոտուց 20 կմ հեռու գտնվող Բաքու-Ջեյհան և Բաքու-Սուփսա նավթամուղերի ու Բաքու-Էրզրում գազամուղի վրա։ Այսինքն, այն բոլոր խողովակաշարերի, որոնք ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներդրումների շնորհիվ կառուցվել են իբրև Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային էներգետիկ ուղիներ և նպատակ ունեն շարունակվելու դեպի Կենտրոնական Ասիա։ Ավելին, տարբեր փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանի նավթարդյունահանման համակարգը մեծ մասամբ կամ ամբողջությամբ այլևս ամերիկաբրիտանական սեփականություն է։ Հասկանալի է, որ Ադրբեջանի նախագահը չէր կարող արևմտյան գործընկերների հետ խաղի կանոնների այդպիսի կոպիտ խախտում թույլ տալ անգամ Ղարաբաղը հետ ստանալու ռուսական խոստումների դիմաց, որովհետև Լոնդոնից և Վաշինգտոնից անպայման կհարցնեին կամ գուցե արդեն հարցրել են՝ էդ ո՞նց։ Հապա տասնյակ միլիարդավոր ներդրումնե՞րը, որ ամերիկյան և բրիտանական ընկերություններն իրականացրել են Ադրբեջանի էներգետիկ համակարգում։ Վաշինգտոնն ու Լոնդոնը բազմիցս արդեն հասկացրել են Բաքվին, որ իրենց Ղարաբաղը հետաքրքիր չէ, իրենց շահերն Ադրբեջանում սահմանափակվում են հիմնականում նավթով և էներգետիկ հոսքերի հնարավոր տրանզիտով Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ ադրբեջանական և վրացական տարածքով։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավելի քան լուրջ լծակներ ունեն «խելոքացնելու» Բաքվին, այդ թվում՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու ճանապարհով, եթե հանկարծ Ալիևը որոշի, որ տարածաշրջանային էներգետիկ պատերազմում ինքն այսուհետև խաղալու է ռուսական կողմում՝ Մոսկվայի վերահսկողությանը հանձնելով անգամ արևմտյան փողերով կառուցված խողովակաշարերը։ Եվ վերջապես, Բաքվում չեն կարող անտեսել նաև պատերազմի հնարավոր հետևանքները։ Չմոռանանք, որ վրացական գերազանց զինված ու նախապատրաստված բանակը 15 ժամ շարունակ չկարողացավ լիովին իր վերահսկողության տակ վերցնել մի բուռ Ցխինվալը, որը մինչև ռուսական ուժերի հասնելը պաշտպանում էին մի քանի հարյուր խաղաղապահներ ու աշխարհազորայիններ։ Աղդամը հետ վերցնելը հաստատ ավելի բարդ է լինելու։
Այսպիսով, ռուսական կողմն այս գործընթացից առայժմ ստացավ սեփական հանրությանը ներկայացնելու համար նախատեսված քարոզչական պատրանք։ Այն բոլորովին չի արտահայտում ուժերի իրական հարաբերակցությունը տարածաշրջանում, և այդ կապակցությամբ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների պարզաբանումը դեռ առջևում է, երբ կձևավորվի ԱՄՆ-ի նոր նախագահի վարչակազմը։ Անհրաժեշտ ժամանակը Հայաստանի համար արդեն շահված է։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4599

Մեկնաբանություններ